Ոչ ֆորմալ կրթության ոլորտում տարատեսակ կրթական մեթոդների մշակումը ժամանակի ընթացքում անհրաժեշտություն է առաջացրել ստեղծել մի տարածք, որտեղ մեթոդների հեղինակները կներկայացնեն դրանք ավելի լայն լսարանի: 2006 թվականից Միջազգային Կրթական Մեթոդների Տոնավաճառը դարձել է այն հարթակը, որտեղ հնարավոր է փորձարկել նոր կրթական մեթոդներ, կիսվել փորձով, վերլուծել և գնահատել դրանք, արժևորել և քաջալերել ստեղծարարությունը ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններում:
Վերջին երեք տարիների ընթացքում ազգային/տարածաշրջանային Կրթական մեթոդների տոնավաճառները համախմբում են միևնույն երկրից և/կամ անգլերենից բացի որևէ ընդհանուր լեզվով խոսող երիտասարդական աշխատողներին` նպատակ ունենալով ներկայացնել տարբեր լեզուներով ստեղծված մեթոդները, ինչպես նաև լավագույնները մշակել միջազգային տոնավաճառների համար:
Այս միջոցառումը եվրոպական կրթական տարածքում ՈՖԿ գործիքների համախմբման միջազգային քաղաքականության, ինչպես նաև տարբեր լեզուներով կրթական մեթոդներ մշակելու և բազմալեզու կրթական մեթոդների հարթակի ստեղծման եվրոպական ռազմավարության մաս է։
Հայաստանում առաջին Ազգային կրթական գործքիների տոնավաճառը կազմակերպվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության, SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre-ի և SALTO EECA-ի աջակցությամբ: Միջոցառման նպատակն է ստեղծել մի տարածք, որտեղ երիտասարդների հետ/համար աշխատող մասնակիցները կկարողանան շփվել, փոխանակվել ոչ ֆորմալ կրթության և երիտասարդական աշխատանքի ոլորտի իրենց մեթոդներով:
Նմանատիպ նախաձեռնություններ 2017թ.-ին կազմակերպվում են Թունիսում, Թուրքիայում, Իտալիայում, Լիբանանում, Մալթայում, Հունգարիայում, Խորվաթիայում, Կոսովոյում, Հայաստանում և Վրաստանում: